ԱՄՆ ղեկավարությունը երկիրը տանում է դեպի պատերազմ երկու ճակատով՝ Սիրիայում ու Հյուսիսային Կորեայում, ու եթե այդ համակարտությունները վերածվեն Չինաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի դեմ Վաշինգտոնի դիմակայության՝ ԱՄՆ պատրաստ չի լինի իրադարձությունների նման զարգացման, գրում է Huffington Post պորտալի տեսաբան Ջեյսոն Բելչերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հյուսիսային Կորեայում ռազմական գործողությունը կարող է Վաշինգտոնին ներգրավել Պեկինի հետ համակարտության, մինչդեռ Սիրիայի վրա հարվածները հղի են Մոսկվայի հետ դիմակայության սպառնալիքով։ Լրագրողի կարծիքով, այն վստահությունը, որ ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար դեմ հակամարտել տնտեսական կապերի պատճառով, հերքվել է պատմության կողմից՝ նման փաստարկներ էին ներկայացվում նաեւ Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ, սակայն այդ պատերազմները այնուամենայնիվ իրողություն դարձան։

«Սիրիայի երկնքում ամերիկյան օդանավերը ստիպված են լինելու բախվել ռուսական հրթիռային հարվածի ամենօրյա սպառնալիքին, կողմերի ցանկացած վրիպակը կհանգեցնի օդանավի խոցմանը , ինչն ավելի զանգվածային հակամարտություն կսադրի»,- նկատում է Բելչերը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պեկինն ունի երկու առավելություն, որոնք կարող են չեզոքացնել ամերիկյան բանակի տեխնոլոգիական գերազանցությունը, եթե Կորեական թերակղզում հակամարտություն բռնկվի, համարում է լրագրողը։ Չինաստանն ունի մեծ մարդկային ռեսուրսներ ու սահմանակից է Հյուսիսային Կորեային, ինչը չինական բանակին թույլ է տալիս արագ տեղափոխել իր ցամաքային զորքերը։

«Ազգը պետք է գնա պատերազմի, միայն եթե քաղաքացիները այն անհրաժեշտ են համարում։ Այսօր ԱՄՆ-ն չունի նման անհրաժեշտություն։ Այդ մե՛նք ենք ընտրում պատերազմ երկու ճակատով, այլ ոչ թե մեր թշնամիներն են մեզ հարկադրում պատերազմել, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր։ Դա ընտրություն է ,որը մե՛նք պետք է կատարենք, քանի որ անխուսափելի սպառնալիք չկա։ Դա ռիսկ է, առանց որեւէ օգուտի ու մենք, որպես ազգ, պատրաստ չենք դրան»,- ամփոփում է լրագրողը։