Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու Գործարան» ԲԲԸ-ն ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի վճարումից 3 տարով ազատվել է: Համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության ապրիլի 20-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է խմիչքի արտադրության եւ շշալցման էլեկտրական հոսքագծեր ձեռք բերել՝ դրանով բարձրացնելով արտադրության որակը եւ մեծացնելով ծավալները: Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է մոտ 3,1 մլրդ դրամի ներդրում կատարել՝ ներմուծելով ժամանակակից սարքավորումներ:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 20 աշխատատեղ՝ 162 հազար դրամ միջին աշխատավարձով 2017 թվականին, 185 հազար դրամ՝ 2018 թվականին եւ 195 հազար դրամ՝ 2019 թվականին:



























