2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովը բախվել է իրավապահ մարմինների աշխատանքը կարգավորող օրենքներում լուրջ օրենսդրական բացթողումների հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին հայտարարել է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի դեկավար, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը:
Հարությունյանը նշել է նաեւ, որ Հայաստանի Ազգային Ժողովը 13 հարցերից բաղկացած փաթեթ է ուղարկել ՀՔԾ` մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները պարզելու նպատակով: «Մեր իրավասությունները մեզ իրավունք չեն տալիս ներթափանցել քննչական գործողությունների մեջ: Մենք 13 հարց ենք հղել Հատուկ քննչական ծառայությանը, որտեղից մեզ պատասխանել են, որ գործի նախաքննությունը շարունակվում է, ինչպես քննչական այնպես էլ` օպերատիվ-հետախուզական: Շոշափելի որեւէ արդյունքի չեն հասել»,- նշել է Հարությունյանը:
Հարությունյանը նշել է, որ խորհրդարանը պետք է շարունակի հետմարտիմեկյան իրադարձությունների մոնիտորինգը:





























