Եվրախորհրդարանը մտադիր է հունիսյան լիագումար նիստի ժամանակ քննարկել իրավիճակը Մալթայում՝ կոռուցպիոն սկանդալի համատեքստում։ Ամենայն հավանականությամբ բանավեճերը նշանակվելու են հունիսի 13-ին կամ 14-ին՝ երկրում ընտրություններից հետո, հայտնում է Malta Independent-ը։

Բանավեճերի թեման է օրենքի գերակայությունը երկրում։ Ակնհայտ է, որ այդ բանավեճի պատճառն է դարձել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի մասնակցությամբ սկանդալը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը բացահայտ քննադատում է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին՝ փողերի լվացմանը նրա առնչության մասին հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն, Մուսկատայի կնոջ անունով գրանցված ընկերությունը կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի նախագահի դուստրից։

Եվրախորհրդարանը հանձնաժողովը  Մալթայի վարչապետին նույնիսկ հրավիրել է մայիսի 18-ին Ստրասբուրգում ցուցմունքներ տալու, սակայն Մուսկատը հայտնել է, որ դա հարմար պահ չէ։

Ադրբեջանի ու Մալթայի վարչապետի կապերը վրդովմունք են առաջացրել նաեւ որովհետեւ երկրները համագործակցում են էներգետիկայի ոլորտում ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերն է։