Մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող հայ երգիչ Վլադիմիր Արզումանյանը, ով ծագումով Արցախից է,  շաբաթվա վերջին կմեկնի Արցախ: Նոյեմբերի 23-ին NEWS.am-ի թղթակիցն այս մասին տեղեկացավ երգչի պրոդյուսեր Լիրա Քոչարյանից:

Պրոդյուսերը նաեւ ասաց, որ երգիչը հյուրախաղերին մասնակցելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն նա մեկ ամիս կհանգստանա, որից հետո էլ կորոշի, թե ինչ է անելու:

Խոսելով Վլադիմիր Արզումանյանի մասնագիտական հետագա ծրագրերից` Լիրա Քոչարյանը նշեց. «Ես պալանավորում եմ, որ երբ Վադիմիրի մոտ սկսի ձայնափոխման շրջանը, իսկ դա կսկսի կես կամ մեկ տարուց, ինքը պետք է սկսի որեւէ գործիք նվագել սովորել: Դաշնամուր գիտի, բայց դա քիչ է: Գուցե դուդուկ: Ուզում եմ, որ ինքը շատ գրագետ մասնագետ դառնա ապագայում: Սովորաբար երգիչներն ունենում են վոկալ, սակայն նոտա չգիտեն: Վլադիմիրի դեպքում ես չեմ ուզում լինի միայն այդպես,  որովհետեւ հետագայում, հնարավոր է, նա դառնա շատ լավ կլասիկ վոկալիստ, մանավանդ, որ փորձ ունի դասական ոճում երգելու»:

Պրոդյուսերը հավելեց, որ ձայնափոխման շրջանում Վլադիմիրը կշարունակի երգել, սակայն պակաս ակտիվ, քան ներկայումս:

Հաղթանակի առթիվ փոքրիկ երգչին հնարավորություն է ընձեռվել տեսահոլովակ նկարահանելու, սակայն Լիրա Քոչարյանի խոսքով, այն դժվար թե լինի «Մայրիկ» երգի հիման վրա: