«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում կարվի փոփոխություն «Ելք» խմբակցության առաջարկով: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Գագիկ Բունիաթյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ փաթեթն ընդունելուց հետո Կառավարությունը փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի տեսել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխություն կատարելու մասին առաջարկն արվել է Մանե Թանդիլյանի կողմից: Նշենք, որ նախօրեին Գագիկ Բունիաթյանը հայտարարել էր, որ պետական տուրքը կազմելու է 200 հազար դրամ: Սա, ըստ Մանե Թանդիլյանի, կխոչընդոտի ռադիոընկերությունների աշխատանքը, քանի որ պետտուրքի բարձացումն ինքնին խնդիրներ կառաջացնի: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն առաջարկել էր վերանայել այս որոշումը:

Հիշեցնենք, որ այս նախագծերի փաթեթով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:

Բունիաթյանի խոսքով, այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ. Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերություններ հիմնել, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքները մեծացնել:

Այս օրինագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մեկ ռադիոընկերություն ժամանցային ուղղվածության, մեկ ռադիոընկերություն երաժշտական ուղղվածության, մեկը՝ երիտասարդական ուղղվածության, 10-ը մասնավոր ընկերություն՝ ընդհանուր ուղղվածության: