Թերթը զրուցել է միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում մեր լրատվամիջոցները առավել հաճախ են ահազանգում, թե արտագաղթը գնալով աճում է, Եգանյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, ես նույնիսկ լրատվամիջոցներում հանդիպում եմ հարաճուն արտագաղթի վերաբերյալ ինչ-ինչ տվյալների, որ վերագրվում են ինձ: Առիթ եղել է, ասել եմ, կրկին ասեմ` արտառոց ծավալների հասնող արտագաղթի վերաբերյալ մեր գերատեսչությունը տվյալներ չունի, թեպետ հստակ տիրապետում ենք եւ օդային, եւ ցամաքային ճանապարհով ուղեւորահոսքերին: Իսկ արտագաղթ կամ տարբեր դրդապատճառներով մարդու մշտական բնակության վայրի տեղափոխություն չի կարող ընդհանրապես չլինել: Մարդիկ ԱՄՆ-ից Ավստրալիա են արտագաղթում, միայն թե այս դեպքում ոչ թե «արտագաղթ» բառն են գործածում, այլ «տեղաշարժը»: Իսկ Հայաստանում «արտագաղթ» ասելով՝ դրա պատճառահետեւանքային ողջ սպեկտրն են ուզում ներկայացնել ուղեկցող բացասական գործոններով՝ ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ այլն»:

Անդրադառնալով, տեղեկություններին, որ անցած 10 ամիսներին«Զվարթնոց» եւ«Շիրակ» օդանավակայաններով ՀՀ-ից անվերադարձ մեկնածների թիվը եղել է 61 հազար մարդ, մեկնել է 574 հազար եւ ժամանել 513 հազար ուղեւոր, Գագիկ Եգանյանը նկատել է«Նախ՝ ինչ ասել է «անվերադարձ մեկնածներ»: Ո՞վ կարող է ասել` մարդը վերադառնալո՞ւ է, թե՞ անվերադարձ է մեկնում: Ի դեպ, մեր գերատեսչությունը առավել համապարփակ տվյալներ ունի եւ` ոչ միայն օդային ճանապարհով մեկնածների մասին»:

«Այո, 2010-ի անցած 10 ամիսների տվյալներով, 21,1 տոկոսով աճել են Հայաստանից ելքի եւ Հայաստան մուտքի գումարային ծավալները: Բայց դա, իհարկե, արտագաղթի մասին վկայող ցուցանիշ չի կարող լինել: Դա ընդամենը փաստում է ուղեւորահոսքերի բացասական սալդոյի մասին, որը անշուշտ մինչեւ տարեվերջ էապես կփոխվի: Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածները իրենց ընտանիքի գիրկն են վերադառնում հատկապես տարեվերջին»,- նկատել է Եգանյանը: