«2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված անձանց ազատ արձակելու հարցը Հայաստանի կառավարող կոալիցիայի կողմից չի քննարկվել, ինձ գոնե այդ մասին հայտնի չէ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հայտարարությունը, թե այդ հարցը քննարկվել է կոալիցիայում:

Ընդհանուր առմամբ, խոսելով հնարավոր համաներման կամ վաղաժամկետ ազատ արձակման մասին, Հարությունյանը նկատել է, որ համաներման լիազորությունը պատկանում է պետության ղեկավարին: Նա նաեւ հերքել է շրջանառվող լուրերը, թե Եվրոպայի Խորհուրդը վերջին շրջանում ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա այդ հարցում:

«Ընդհանրապես, ինձ դուր չի գալիս «ճնշում» բառը»,- նկատել է Հարությունյանը՝ միաժամանակ հաղորդելով, որ վերջին շրջանում ԵԽ-ում սկսել են աշխատել «քաղաքական բանտարկյալներ» հասկացության հստակեցման վրա: