Նախնական տվյալներով՝ կարկուտից տուժել է Արարատյան դաշտավայրի 8 գյուղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ 7 գյուղ տուժել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանում եւ 1 գյուղ՝ Բաղրամյանի շրջանում: Վնասի հաշվարկ է կատարվում նաեւ երկրի այլ շրջաններում: Հաշվարկներն ավարտելուց հետո կլսվեն նաեւ աջակցության վերաբերյալ գյուղացիների դիմումները: «Դա կարող է լինել ոռոգման դիմաց վճարի փոխհատուցում կամ բանկային վարկերի սառեցում, կամ եւս ինչ-որ բան: Մենք որոշում կընդունենք՝ ելնելով բյուջեի հնարավորություններից»,- պարզաբանեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի ապրիլի սկզբին Կարեն Կարապետյանը հանձնարարել էր երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր մեծացնել հակակարկտային սարքերի եւ թնդանոթների արդյունավետությունը, ինչպես նաեւ ընդլայնել հակակարկտային ցանցի կիրառումը: