Թուրքիայի Իզմիր քաղաքում համերգի ժամանակ ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը չի հանդուրժել առջեւի շարքում նստած եւ լկտի պահվածքով աչքի ընկած հանդիսատեսի արարքները: Նա միկրոֆոնը ձեռքից դեն է նետել ու բռունցքով հարվածել լկտի երիտասարդին:
Թիկնապահներն անմիջապես դուրս են հանել հանդիսատեսին, սակայն Հայկո Ջեփքինը պահանջել է թիկնապահներից ներս բերել նրան, որպեսզի ինքն անձամբ հաշիվները պարզի նրա հետ:
Հիշյալ դեպքի կապակցությամբ, թուրքական Sabah-ի թղթակիցը զրուցել է հայտնի երգչի հետ, որի ընթացքում Հայկոն նշել է, թե խնդրո առարկա հանդիսատեսը եղել է քաղաքի հայտնի անձանցից մեկի որդին։ «Նա բեմի դիմաց հատուկ իր համար սեղան էր պատվիրել, եւ երբ համերգը մեկնարկեց, սկսեց բեմին մոտ պարող ու զվարճացող հանդիսատեսների նկատմամբ անպարկեշտ արարքներ թույլ տալ։ Մենք մի որոշ ժամանակ հանդուրժեցինք, սակայն նրա արարքները ավելի սանձարձակ էին դառնում եւ ես չդիմացա ու հարվածեցի»,-նշել է Հայկոն։
Այն հարցին, թե ինչո՞ւ է թիկնապահներից պահանջել՝ թույլ չտալ լկտի պահվածքով հանդիսատեսին հեռանալ, Հայկոն պատասխանել է, թե ինքը միշտ էլ համերգների ժամանակ իրենց վատ պահած հանդիսատեսներին զգուշացնում է սպասել մինչեւ համերգի վերջը։ «Ես նման անձանց հետ խոսում եմ, փորձում հասկանալ իրենց վատ արարքների պատճառը եւ զգուշացնում, որ նման բան պետք չէ անել»,-շեշտել է հայտնի ռոք երգիչը։
Նշենք, որ ստամբուլահայ Հայկո Ջեփքինը եղել էր Եվրատեսիլ-2010-ի Թուրքիան ներկայացնող հավանական թեկնածուներից մեկը, սակայն թուրքական TRT-ի ղեկավարության որոշումը եղավ «Մանգա» խումբը։





























