Թուրքիան Հայաստանի հետ «լուռ դիվանագիտության» մասին ակնարկելով՝ ձեւացնում է, թե հայ-թուրքական գործընթացը շարունակվում է, մինչդեռ այս ամբողջն իմիտացիա է։ Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, մեր հարեւանի իմիտացիոն  քայլերն առաջին հերթին վնասում են հենց իր հեղինակությանը։ «Իմիտացիան դարձել է թուրքական արտաքին քաղաքականության անբաժանելի մասը։ Այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իզուր չէ, որ շրջանառության մեջ է դրել Հայաստանի հետ «լուռ դիվանագիտության» եզրույթը, ինչn այդ երկրին թույլ է տալիս ազատորեն մանեւրելու եւ պնդելու,որ թուրքերը հետամուտ են հարաբերությունների կարգավորման։ Հայաստանի հետ սկսված գործընթացի շարունակականություն ձեւացնելու համար Թուրքիան նույնիսկ Հայաստանին հանեց իր համար վտանգ ներկայացնող երկրների ցանկից։ Չի բացառվում, որ իր այս քայլով այդ երկիրը ցանկանում է տարանջատել Հայաստանն ու Սփյուռքը եւ մի օր էլ հայտարարել, որ իր թշնամին ոչ թե Հայաստանն է, այլ հայկական Սփյուռքը»,- նկատեց թուրքագետը։
«Հատկանշական է, որ «լուռ դիվանագիտության» մասին առաջին  հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ոչ մի նման բան չկա։ Սակայն ամենակտրուկ հայտարարություններն անգամ չեն դադարեցնում թուրքական կողմի սուտը։

Ամփոփելով՝ թուրքագետը հայտարարեց, որ հայ-թուրքական գործընթացը շարունակելու հորդորներ Թուրքիայի նախագահը պետք է ուղղի ոչ թե Հյաաստանին, այլ հենց իր իշխանություններին։ «Սակայն  քիչ հավանական է, որ մինչեւ 2011 թվականը այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հայ-թուրքական գործընթացը որեւէ առաջընթաց ապրի»։