Wikileaks սկանդալային կայքը, որ մասնագիտացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակման վրա, նոյեմբերի 28-ին հրապարակել է ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մասին գատնազերծված փաստաթղթերը: Տեղեկատվությունը հասանելի է այնպիսի թերթերի կայքերում, ինչպիսիք են El Pais, Le Monde, Der Spiegel, The Guardian и The New York Times թերթերը:

NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսի եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Թուրքիայի ԱԳ փոխնախարարը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք է ընթանա Միսնկի գործընթացին զուգահեռ: Նա ընդգծել է, թե արձանագրությունների դեմ կառավարող կուսակցության պատգամավորների «ուժեղ հակազդեցությունը» պետք է հաղթահարվի, նախքան կառավարությունը կանցնի վավերացմանը:

Սինիրլիօղլուի խոսքով, Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը կբարդացնի վավերացման ուղղությամբ կառավարության ներքին քաղաքական հաշվարկները: Թուրք պաշտոնյան հավաստիացրել է, որ եթե հաջողվի լուծման հանգել, որը ընդունելի կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, «մենք կկարողանանք առաջ շարժվել արձանագրությունների ուղղությամբ»:

Պատասխանելով Նիկոլաս Բերնսի հարցին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնության հարցով առաջընթացի վերաբերյալ, Սինիրլիօղլուն նկատել է, որ Ալիեւն օգտագործում է համաձայնագիրը՝ որպես Թուրքիայի մշակած արձանագրությունների պատանդ: «Նա մեզ չի վստահում»,- ընդգծել է նա: