Հայաստանում տարեկան կրծքագեղձի ծավալի մեծացման 50-100 վիրահատություն է կատարվում: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը` հավելելով, սակայն, որ այս տվյալները մոտավոր են:
Պլաստիկ վիրաբույժի խոսքով, ամեն տարի ավելանում է վիրահատությունների քանակը. դիմում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի եւ Ռուսաստանի ու այլ երկրների բնակիչներ: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանում այդ վիրահատությունը բավականին մատչելի է: Վիրահատության գինը պայմանավորված է ծավալից եւ բարդությունից:
«Հայաստանում կրծքագեղձի մեծացման իմպլանտներն արժեն 700-1000 եվրո կախված կլինիկայից գումարած 250-350 հազար դրամ վիրահատության համար»,- ասաց նա, հավելելով, որ կրծքի իմպլանտները չեն կարող նոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ.
«Ապացուցված է, որ եթե առողջ կրծքագեղձը չունի ոչ մի հիվանդություն, ապա իմպլանտը չի կարող պատճառ հանդիսանալ նոր հիվանդության առաջացման»,-ասաց նա, հավելելով, որ իմպլանտները չեն կորցնում իրենց որակը եւ առանց ձեւափոխվելու երկար ժամանակ կարող են մնալ օրգանիզմում:
Այդուհանդերձ, նա նաեւ նշեց, որ յուրաքանչյուր վիրահատության մեջ կա բարդությունների ռիսկ:
Պլաստիկ վիրաբույժին Հայաստանում կանայք դիմում են նաեւ որովայնի առաջնային պատի, լիպոսակցիայի եւ կրծքագեղձի արհեստական փոքրացման, ձգման համար:
Իսկ տղամարդիկ դիմում են քթի պլաստիկ վիրահատության, ճաղատության`մազերի տրանսպլանտացիայի եւ փորի պլաստիկայի վիրահատման համար: Լինում են նաեւ սեռափոխության վիրահատություններ: «Սեռափոխության վիրահատության ցուցումները հստակ հիմնավորված են. դրանք բժշկական են, ոչ կոմերցիոն եւ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ նման հարցեր քննարկելու»,-ասաց Պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահը։





























