Թեեւ Հայկական Սփյուռքի եւ ԱՄՆ կառավարության միջեւ մի շարք խնդիրների վերաբերյալ կան տարբեր դիրքորոշումներ, այնուամենայնիվ երկու կողմն էլ շահագրգռված է Հայաստանը տեսնել զարգացող, ապահով եւ ժողովրդավարական երկիր: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 29-ին հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիմային:

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ը կատարած իր վերջին այցի ընթացքում հայկական Սփյուռքի հետ ունեցած հանդիպումների տպավորությունները: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս Սփյուռքն ավելի լավ է  իրազեկված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության իրականացնող աշխատանքներին:

Մարի Յովանովիչն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ում Հայ կանանց միջազգային ասոցիացիայի անդամների հետ ունեցած իր հանդիպմանը: Չնայած այն հանդիպմանը ներկա են եղել սփյուռքյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նրանք բոլորն էլ իրենց մտահոգությունն էին հայտնում Հայաստանում կանանց եւ ընտանեկան բռնության թեմաների վերաբերյալ: