WikiLeaks կայքէջի գաղտնազերծումը ակնհայտ սադրանք է, որի նպատակն է փչացնել Ադրբեջանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ եւ սերմանել անվստահություն պետությունների ղեկավարների միջեւ:

Այս մասին նշված է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության WikiLeaks-ի գաղտնազերծումներին վերաբերվող հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ WikiLeaks-ը տարածել է նյութեր, որոնք իբրեւ թե արտացոլում են  ԱՄՆ պաշտոնատար անձանց` արտասահմանյան երկրների ներկայացուցիչների կամ ղեկավարների հետ ունեցած հանդիպումների «գաղտնի պահերը»:

«Այդ փաստաթղթերում արտահայտված են նաեւ որոշ տեսակետներ եւ մտքեր, որոնք վերաբերում են Ադրբեջանի նախագահի հանդիպումներին ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Այդ առնչությամբ մենք հայտրարում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վերագրվող մտքերն ու տեսակետները ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունը, եւ դրանք ոչ մի հիմք չունեն: Ադրբեջանի Հանրապետությունը երբեք չի խառնվել հարեւան պետությունների արտաքին քաղաքկանությանը եւ միշտ էլ իրականացրել է թափանցիկ քաղաքականություն`  տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական կապերի պահպանման եւ զարգացման համար:

Ադրբեջանի նախագահը բոլոր հանդիպումների եւ ելույթների ժամանակ հստակորեն հայտնել է տեսակետներ` հիմնված ազգային շահի վրա»,- նշված է Իլհամ Ալիեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

NEWS.am-ն ավելի վաղ հայտել էր, որ WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում  նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ զզվում է Էրդողանի կառավարությունից եւ Անկարայի արտաքին քաղաքականությունը նաիվ է համարում:

Իսկ Մեդվեդեւին Ալիեւն ասել է, որ «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` նոր սերնդի ժամանակակից ինտելեկտուալը , շրջապատված է մարդկանցով, որոնց չի կարողանում կառավարել»:  Ալիեւն ավելի մանրամասնելով նշել է. «Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Մեդվեդեւին որպես առաջնորդ չեն ընդունում»: