Հուրգադայի առափնյա հյուրանոցներից մեկում հուլիսի 14–ին հարձակման հետեւանքով վնասվածք ստացած երկու հայ  կանանցից մեկին երեկ գիշեր վիրահատել են, մյուսը թեթեւ քերծվածքներ է ստացել։ NEWS.am–ի այս տեղեկությունը հաստատել է նաեւ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ թեթեւ վնասվածքներ ստացած քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:

Նշենք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, մոտ օրերս նրանք երկուսն էլ վերադառնալու են  Երեւան։ «Sky» տուրիստական գործակալության  գործադիր տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կանայք  իրենց ուղեւորները չեն եղել, Հուրգադա են մեկնել  Թբիլիսիի չվերթով։ 

Թեեւ մեր հայրենակիցների կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ բարեհաջող է անցել, սակայն նրանք խնդրել են, որ իրենց անունները չհրապարակեն։