«Ռուսալ Արմենալի» 117 աշխատակիցների դատական հայցն ընդդեմ ընկերության ղեկավարության այսօր՝ դեկտեմբերի 1-ին, անսպասելի հանգուցալուծում ստացավ։ Դատարանին ներկայացվեց Հաշտության համաձայնագիր, որով ընկերությունը պարտավորվում է բանվորներին վճարել պահանջվող գումարը՝ մոտ 30 տոկոս «զեղչով»։
Հիշեցնենք, որ «Ռուսալ Արմենալ»-ի բանվորները պահանջում էին վճարել հավելավճարներ՝ 2004 թ. փետրվարի 1-ից մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում առանձնապես վտանգավոր արտադրամասում աշխատելու համար։ Հայցվոր բանվորների մեծ մասը հիմա էլ շարունակում են աշխատել գործարանում:
Հայցադիմումով բանվորները պահանջում էին վճարել ընդհանուր առմամբ 205,1 մլն դրամ (մոտ 570 հազ. դոլար)։ Հաշտության համաձայնագրի համաձայն՝ վճարման ենթակա գումարը նվազեցվել է 57,4 մլն դրամով (մոտ 160 հազ. դոլար) եւ կազմում է 147,7 մլն դրամ (մոտ 410 հազ. դոլար): Այսպիսով՝ յուրաքանչյուր բանվորի միջին հաշվով կվճարվի 1,26 մլն դրամ (մոտ 3,5 հազ. դոլար)։
Դատավոր Սարիբեկ Արամյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ Հաշտության համաձայնագիրը կհաստատի միայն այն դեպքում, երբ ուսումնասիրությունից հետո կվստահանա, որ այնտեղ օրենսդրությանը հակասող դրույթներ չկան։
Դատական նիստից հետո «Ռուսալ Արմենալ»-ի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցին վստահեցրին, որ գոհ են հաշտությունից եւ ակնկալում են 3 ամսվա ընթացքում ստանալ իրենց հասանելիք գումարները։
«Ռուսալ» ընկերության ներկայացուցիչ Ֆարհադ Սամատովը դատական նիստից հետո ասաց հետեւյալը. «Մենք հասել ենք փոխադարձաբար ընդունելի որոշման, եւ փոխանցել ենք այն դատարանին։ Հուսով եմ՝ դատարանը դրական որոշում կընդունի»։
Բանվորների շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ Հաշտության համաձայնագիրը կնքվել է բոլոր 117 բանվորների համաձայնությունը ստանալուց հետո։




























