«Մեր բուժկենտրոնի վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ վերջին տարիներին հանրապետությունում ուղեղի կաթված տարած հիվանդների քանակն էական փոփոխություն չի կրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Զոհրաբ Գրիգորյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում մեկ տարվա կտրվածքով, նախկինի նման, ուղեղի կաթված 1000 մարդու հաշվարկով ստանում է 3-4 մարդ։
«Որպես կանոն՝ ռիսկային խմբում են հայտնվում 60 տարեկանն անց անձինք, ընդ որում, կանանց եւ տղամարդկանց հիվանդացության դեպքերը գրեթե հավասար են։ Հատկանշական է, սակայն, որ վերջին մի քանի տարիներին, կապված սթրեսների եւ նպաստող մի շարք հանգամանքների հետ, հիվանդության երիտասարացման միտում է նկատվում՝ եւ սա ոչ միայն Հայաստանում, այլ ինչպես փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ախարհի գրեթե բոլոր երկրներում։ Վիճակագրությունը փաստում է նաեւ, որ ուղեղի կաթված տարած մարդկանց շուրջ 40 տոկոսը ողջ կյանքի ընթացքում հաշմանդամ է մնում»,- նշեց բժիշկը։
Հարցին, թե Հայաստանում հինվանդների ո՞ր խումբն է օգտվում անվճար դեղորայք եւ պետպատվերով բուժում ստանալու առավելությունից, Զոհրաբ Գրիգորյանն ասաց.«Պատպատվերով բուժում եւ անվճար դեղորայք հանրապետությունում ստանում են կաթված տարած անխտիր բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից եւ սեռից»։
Անդարադառնալով կաթվածի հետեւանքով մահացության դեպքերին՝ մասնագետը նկատեց, որ ամենամեծ թվով ՝ շուրջ 30 տոկոս մահվան ելքով դեպքեր, գրանցվում են հիվանդության առաջին 3 ամիսներին։
Ամփոփելով՝ Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի վարիչը նշեց, որ ուղեղի կաթված ստանալու հավանականությունը մեծ է հատկապես ձմռան եւ գարնան ամիսներին։ «Պատճառն օրգանիզմում հակաօքսիդանտների քանակի կտրուկ նվազումն է։ Նպաստող հանգամանքների թվում կարելի է առանձնացնել նաեւ զարկերակային բարձր ճնշումը, աթերոսկլերոզը, սիրտ-անոթային հիվանդությունները։ Կաթվածից խուսափելու համար ռիսկային խմբի մարդիկ ձմռանը եւ վաղ գարնանը մշտապես պետք է ընդունեն գլխուղեղի անոթների տոնուսը կարգավորող, դրանց ճնշումը փոքրացնող դեղամիջներ»։





























