Հիվանդանոցում մահացել է հուլիսի 17-ին իր աշխատասենյակում դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Բժիշկների տեղեկացմամբ՝ հոգեբանը մահացել է կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման եւ կարդիոգեն շոկի հետեւանքով:

Ռուբեն Պողոսյանի դանակահարության փաստով քրեական գործ է հարուցվել: 34-ամյա տղամարդ է ձերբակալվել, հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Տղամարդը հոգեբանին դանակահարել է թուղթ կտրելու դանակով: Ըստ տեղեկությունների՝ նա Ռուբեն Պողոսյանի հիվանդներից է, հոգեկան խնդիրներ ունի:

Կարեն Կարապետյանը դժգոհ է պետական որոշ գերատեսչությունների մատուցած ծառայությունների մակարդակից: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել արտոնագրերի տրամադրման, ընթացակարգերի պարզեցման, հնարավորության դեպքում՝ նաեւ փաստաթղթերի թվի կրճատման վերաբերյալ: Կարապետյանը խնդիր է տեսնում նաեւ հարկային պարտքի դեպքում պարտապանի ամբողջ գույքի վրա կալանք սահմանելու հարցում: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարից այսօր հետաքրքրվել է, թե ինչ է արվում խնդիրը լուծելու ուղղությամբ:

Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետն այլեւս չի երկարաձգվի: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պարզաբանել է, որ անձնագրի ժամկետի երկարաձգման դեպքում անձի նույնականացման խնդիր է առաջանում: Բացի այդ՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ եվրոպական պետությունները, արգելում են նման անձնագրերով քաղաքացիների մուտքը կամ ընդհանրապես վիզա չեն տրամադրում:

Ոչ մաքրասեր քաղաքացիներին այսուհետ կստիպեն հետեւել քաղաքի մաքրությանը. առաջարկվում է չնախատեսված վայրում աղբ թափելու, այդ թվում՝ փողոցում ծխախոտ նետելու համար 16 հազար դրամ տուգանք սահմանել: Խոշոր ձեռնարկությունների դեպքում տուգանքի չափը կկազմի 200-300 հազար դրամ: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նաեւ քարոզչական տեսանյութեր ու երիտասարդության համար ուսուցողական ծրագրեր կպատրաստի։

Լրագրողները դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել են. կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու հարց կա՞: Լուրեր են տարածվել, որ օրերս կայացած ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն մարմնի նիստում սփյուռքահայ դաշնակցականները կառավարության կազմում Դաշնակցության աշխատանքները դադարեցնելու պահանջ են ներկայացրել: Լոքյանը հերքել է. կեղծ լուրեր են:

Ֆիրդուսի շուկայի աշխատակիցներն ու տարածքի բնակիչներն այսօր ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ: Շուկայի աշխատակիցները մինչեւ տարեվերջ աշխատելու ժամանակ էին խնդրել, սակայն քաղաքապետարանն արդեն տեխնիկա է բերել շուկայի տարածք եւ քանդման աշխատանքներ սկսել: Առեւտրականներն ասում են՝ իրենց առաջարկում են այլ տոնավաճառներ փոխադրվել, բայց համաձայն չեն: Ֆիրդուսցիներն իրենց տները քանդելու դեպքում համարժեք փոխհատուցում են պահանջում: Մտավախություն ունեն, որ կկրկնվի Բուզանդի փողոցի օրինակը:

Կառավարությունում այսօր ընդունել են նրանց, առաջարկել հստակ հարցերով ու պահանջներով նամակ գրել վարչապետին: Հենց կառավարությունում բնակիչները նամակ են գրել, որով հանդիպում են պահանել ներդրողների հետ՝ հասկանալու համար, թե ո՞վ է տարածքի նոր սեփականատերը եւ ինչ ծրագրեր ունի դրա հետ կապված:

«Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստի մեկնարկին փաստաբանները կրկին խնդիրներ են ունեցել շենք մտնելիս: Նրանք հրաժարվել են զննությունից՝ այն համարելով խուզարկություն: Արդեն դահլիճում դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա է կիրառել նիստից բացակայող փաստաբանների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք հրաժարվել են կատարել դատարանի օրինական պահանջը: 

Դատավորը նաեւ ամբաստանյալներից Թորոս Թորոսյանին, Թաթուլ Թամրազյանին եւ Տիգրան Մանուկյանին հանրային պաշտպանի ծառայություն է առաջարկել, քանի որ նրանց պաշտպանները չեն ներկայանում դատական նիստերին: Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը սա անօրինականություն է որակել՝ նշելով, որ ամբաստանյալները չեն հրաժարվել իրենց փաստաբանների ծառայությունից:

Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարել է փաստաբանների միջնորդությունն ու չեղարկել «Սասնա ծռեր»-ի 16 անդամների նկատմամբ կիրառված դատական սանկցիան ու նրանց նիստերի դահլիճ հրավիրել: Սակայն կարճ ժամանակ անց դատավորը կրկին սանկցիա է կիրառել նրանց նկատմամբ եւ 10 ժամով հեռացրել դահլիճից: Որոշումը դատավորը հիմնավորել է այսպես. նրանք անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել: Դատավճիռը հրապարակվել է այսօր: Լապշինին առաջադրված մեղադրանքը՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասով, չի հաստատվել եւ հանվել է:

Լապշինի փաստաբանը չի բացառում, որ բլոգերին կարող են արտահանձնել Ռուսաստանին, Իսրայելին կամ Ուկրաինային, ռուսական եւ իսրայելական կողմերը, սակայն, չեն մեկնաբանել փաստաբանի այս հայտարարությունը: Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Բաքվի պահանջով 2016-ի դեկտեմբերին Մինսկում ձերբակալվեց եւ արտահանձնվեց Ադրբեջանին: Արցախ այցելած Լապշինին Բաքուն մեղադրում է «պետական սահմանն ապօրինի հատելու» համար:

Գյումրիի գիշերային ակումբներից մեկի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Կեսգիշերն անց կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Պարզվում է՝ տուժածն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Արտակ Դիլանյանն է, որը 2014 թվականին 5 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ 2013-ին ավտովթարի հետեւանքով երկու քաղաքացու անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով: Դիլանյանը բաց-ուղղիչ հիմնարկում ներկայացել է երեկոյան հաշվառմանը, ստորագրել: Բայց դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է հետո դուրս եկել քրեակատարողական հիմնարկից:

Հուլիսի 20-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն՝ էժանացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 550, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Հուլիսի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն: