Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքը ԵԱՀԿ գագաթաժողովում ընդգծել է ԵԱՀԿ տարածքում ամենաձգձգված հակամարտության` ԼՂ խնդրի լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

«Կողմերը այդ ուղղությամբ պետք է բարի կամք դրսեւորեն եւ փոքր քայլերով գնան դեպի ավելի խոշոր քայլերի: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը զգալի արդյունքների է հասել խնդրի կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: