ԵԱՀԿ անդամ-երկրների ժողովուրդներն անհամբերությամբ են սպասում Հելսինկյան սկզբունքների իրագործմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այդ ժողովուրդներից մեկն է: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Աստանայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անկախություն է ձեռք բերել 1990 թվականին, դրան հաջորդել է անկախության հանրաքվեն: Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է միջազգային իրավունքի եւ ԽՍՀՄ օրենքների հիման վրա: Նախկին Խորհրդային Ադրբեջանի փոխարեն ձեւավորվեցին երկու պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջան», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այն ժամանակ Ադրբեջանը նախաձեռնեց ռազմական գործողություններ եւ էթնիկ զտումներ: Սակայն հետագայում Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել զինադադարի ռեժիմի պայմանագիր:
«Այս ժամանակը կարող էր օգտագործվել կառուցողական որոշումների համար, սակայն Ադրբեջանը շարունակում էր ագրեսիվ եւ միլիտարիստական հռետորությունը` չհասկանալով, որ հնարավոր չէ վերացնել ագրեսիայի հետեւանքները` չլուծելով հակամարտության սկզբնապատճառը: Ադրբեջանը հիմա էլ է մեծացնում ռազմական բյուջեն եւ ռազմաշունչ հռետորությունը: Գործը հասել է այն բանին, որ Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, թե Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Ադրբեջանի պատմական տարածքում, կամ որ խաչքարը ադրբեջանական մշակույթի նմուշ է: Եթե խաչքարն իսկապես ադրբեջանական հուշարձան է, ապա ինչու են այդ երկրի տարածքում ոչնչացվել հազարավոր խաչքարեր», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերում:
«Բաքուն հետաքրքրված է հայկական կողմին վնաս հասցնելու մեջ: Սակայն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանը չունի Ղարաբաղին հավակնելու ոչ իրավական, ոչ պատմական, ոչ էլ բարոյական իրավունք»:





























