Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդն ավարտել է Հայաստանի հակաճգնժամային տնտեսական ծրագրի իրականացման առաջին դիտարկումը: Արդյունքում Երեւանը կարող է ստանել հերթական վարկը՝ 115,2 մլն դոլարի սահմաններում: Դիտարկման ավարտման որոշումը կայացվել է անսովոր հիմնավորմամբ՝ «ժամկետանցության պատճառով»:
Միաժամանակ ԱՄՀ-ն տարածել է հայկական տնտեսության տարեկան դիտարկման արդյունքները: Ընդհանուր եզրակացությունը հանգում է նրան, որ տնտեսությունում առողջացում է գնում, բայց դանդաղ տեմպերով: 2010թ. ակնկալվում է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ, իսկ 2011-ին՝ 4,6 տոկոս:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նախկին կանխատեսմամբ, 2010թ. ՀՆԱ-ի աճը պետք է կազմեր 4,8 տոկոս, իսկ գնաճը՝ 6,2 տոկոս:
Սեպտեմբերին ԱՄՀ ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան քննադատել էր Հայաստանի հարկային քաղաքականությունը: «Փոխանակ օգնեք արտահանմանը, վնասում եք»,- ասել էր Տոլոսան:





























