Թերթն անդրադարձել է Աստանայում ընդունված հռչակագրին՝ գրելով. «Հռչակագրի բուն բովանդակությունը փաստացի վկայում է, որ ամիսներ շարունակ Ռուսաստանի դրսեւորած ջանքը, որ արտահայտվում էր ակտիվ միջնորդությամբ եւ եռակողմ` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափի պարբերական հանդիպումներ կազմակերպելով, անցել է ապարդյուն եւ չի հանգեցրել որեւէ էական առաջընթացի:
Հռչակագրում նշվում է, որ «եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկելու» հակամարտության կարգավորման համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ամիսներ շարունակ ի՞նչ էր անում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռյակը: Աստանայում ընդունված հռչակագրի բովանդակության մեջ չկա մի տող, որը վկայի, որ նրանք կոնկրետ գործ են արել կարգավորման ուղղությամբ: Աստանայի հռչակագիրն այդ իմաստով դրսեւորել է ընդամենը ռուսական դիվանագիտության անկենսունակությունը, ինչ-որ տեղ նույնիսկ տապալումը: Եվ այդ իմաստով խնդիրը նույնիսկ միայն Ղարաբաղի հարցը չէ: Խնդիրն այստեղ ընդհանրապես ռեգիոնալ քաղաքականությունն է, ազդեցությունների համար պայքարը: Փաստացի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հարավկովկասյան դիրքերի վերանվաճման պատրանքը, որ 2010 թվականի ընթացքում դրսեւորվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական ու էներգետիկ գործակցության մասին լուրջ համաձայնագրերով եւ պայմանագրերով, իրականում պրակտիկ առումով գոնե առայժմ որեւէ կերպ չի ավելացրել Ռուսաստանի ռեգիոնալ հնարավորությունները, ինչի լավագույն ինդիկատորը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդական ակտիվության գրեթե անփառունակ վախճանն էր Աստանայում:
Անշուշտ, դա չի նշանակում Ռուսաստանի պարտություն: Պարտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ պայքարը շարունակվելու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարթության վրա: Այնտեղ է տեղափոխվել ծանրության կենտրոնը, եւ ռուսներին պարզապես ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները գտնվում են այդ շրջանակում եւ դրան հարակից հարթություն ձեւավորելու ռուս-ղազախական ջանքերը իզուր են: Ղարաբաղի խնդիրը այդ ջանքերի գործադրման առանցքային լծակներից մեկն էր, որը փաստացի հնարավոր չեղավ օգտագործել ըստ նախնական մտադրության»:





























