Աստանայում ընդունված հայտարարությունը հռչակագրային բնույթ ունի եւ այն ընդամենը ստատուս քվոն պահպանելուն միտված հայտարարություն է: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: «Ինչ վերաբերում է խաղաղության պահպանմանը, ապա այն պետք է այլ ընկալում ունենա: Եթե մենք ընդունում ենք, որ մեզ համար կարեւոր է այսօր տարածաշրջանում խաղաղության պահպանումը, ուրեմն սպառազինության մրցավազքը պետք է դադարեցնել»,-հայտարարեց Հակոբյանը: Նա նշեց, որ մինչ այս էլ բազմաթիվ փաստաթղթերն են ընդունվել, որոնցում նշվել է խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին, սակայն զինադադարի ռեժիմը հազարավոր անգամներ խախտվել է:

«Իմ կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում ԼՂ խնդրի շուրջ, ֆիկցիա է, քաղաքական ֆարսի է նման, որի հետեւում իրական քաղաքականություն  իրականացվում: Շատ կարեւոր է, որ մենք դա ընկալենք: Որ կա այն, ինչ ցուցադրվում է, եւ կա այն, ինչ իրականացվում է հետեւում»,-ասաց նա:

«Ժառանգության» քարտուղարն ընդգծեց նաեւ, որ Հայաստանը եւս պետք է ունենա հստակ մշակված քաղաքականություն, որը պետք է իրականացնի ընդունված փաստաթղթերից անդին: «Դա Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները սերտացնելն է, Արցախը բնակեցնելը, Արցախը զարգացնելն է: Այսինքն, փաստացի քայլեր պետք է արվեն՝ Արցախը Հայաստանին միավորելու համար»,-նշեց Հակոբյանը: