ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմինը պետք է քննարկի թուրքական անվտանգության ծառայության կողմից պատրաստված արձանագրության մեջ նշված այն տեղեկությունը, ըստ որի «Թուրք վրիժառուների միության» (TİBT) ներկայացուցիչները մահափորձ են ծրագրել ՀՅԴ հայաստանյան բարձրաստիճան մի ներկայացուցչի դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: 

«Մի բան հստակ է, որ թուրքակական ծայրահեղական կազմակերպությունները տարբեր ժամանակներում ծայրահեղական մոտեցումներ են ցուցաբերել հայաստանյան այն ուժերի նկատմամբ, որոնք ազգային դիրքերից են հանդես եկել: Այնպես որ, ինձ մոտ զարմանք չի հարուցել նման հրապարակումը»,-նշեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ պատկան մարմինները պետք է նշված տեղեկությունը ճշտելու ուղղությամբ աշխատանքեր կատարեն եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, «քանի որ այս դեպքում խոսքը վերաբերում է հայաստանյան քաղաքական գործիչներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից»: Թե ո՞վ է այդ խորհրդավոր դաշնակցական գործիչը, ում, ըստ  թուրքական անվտանգության ծառայության արձանագրության, պետք է սպանեին թուրք ծայրահեղականները, Հրայր Կարապետյանին հայտնի չէր: NEWS.am-ի տեղեկություններով, խոսքը կարող է գնալ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մասին: 

Հրայր Կարապետյանը թուրք ազգայնականների հակամարդկային պլանների եւ Թուրքիայի առաջին դեմքերի՝ հայերի հասցեին շռայլվող ջերմ խոսքերի, հայ-թուրքական գործընթացը շարունակելու պատրաստակամության միջեւ զուգահետ անցկացրեց՝ նշելով. «Այս բացահայտումը եւս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի իշխանությունների երկերեսանի քաղաքականությունը: Երբ նրանք մի բան ասում են, մի այլ բան անում են կամ ծրագրում: Իհարկե, թուրքական իշխանություններին բացարձակապես ձեռք չի տալիս Հայաստանում ազգային ուժերի գոյությունը, մանավանդ այնպիսի ուժի, ինչպիսին ՀՅԴ-ն է, որը համահայկական կուսակցություն է»:

Կարապետյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան  Ցեղասպանության ճանաչման «մեղքն» անընդհատ բարդում է հայկական սփյուռքի վրա եւ պատահական չէ, որ նրանք գիտակցում են, որ ՀՅԴ-ն մի ուժ է, որը կարող է հակազդել Թուրքիայի հակահայկական ծրագրերին: «Ես համոզված եմ, որ թուրքական իշխանությունները մի շարք թելերով կապված են ծայրահեղական կուսակցությունների, այդ թվում եւ «Թուրք վրիժառուների միության» հետ»,- ամփոփեց նա: