Թերթը զրուցել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ Աստանայի գագաթաժողովի եւ դրա արդյունքների վերաբերյալ:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի վարմունքին, Նիկոյանը նշել է, թե «առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը որեւէ փաստաթղթի կամ հայտարարության տակ ստորագրում է, որից մի ժամ հետո անմիջապես փոշմանում է, կամ` իրեն բացատրում են, որ սխալ է թույլ տվել, որից հետո անմիջապես հեռանում է»: «Սանկտպետերբուրգյան հայտարարությունից հետո էլ նա շտապ մեկնեց Բաքու: Խնդիրն այն է, որ Լիսաբոնից հետո Ադրբեջանը ոգեւորված էր, որ ինքը պետք է գար Աստանա` ԼՂ հարցը լուծելու միայն տարածքային ամբողջականության շրջանակում, բայց հիմա հասկացավ, որ այդպես չէ, իսկ կոնկրետ ԼՂ-ի նկատմամբ առաջարկվող երեք սկզբունքների կիրառման բանաձեւը առաջացրեց Ալիեւի խոր դժգոհությունը, որը դրսեւորվեց նրա վարքագծում»,- նշել է Նիկոյանը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, թե այն տրամաբանական շարունակությունն էր բոլոր այն ելույթների, որոնք վերաբերում էին ԼՂ-ին: «Շատ հակիրճ, բայց բովանդակալից ներկայացվել են ԼՂ ինքնորոշման իրավունքի իրականացման մեխանիզմները, պատմական-իրավական հիմքերը` սա կարեւոր է այն առումով, որ միջազգային հանրության մեջ քաղաքական էլիտան փոխվում է, եւ անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ այս ճշմարտությունները բացատրել, քանի որ Ադրբեջանն անընդհատ խոսում է Հայաստանի «ագրեսիայի» մասին:

Նախագահը մի անգամ էլ բացատրեց հարցի լուծման ադրբեջանական միակ ընկալումը, որը հետեւանքների վերացմանն է միայն ձգտում, այնինչ պետք է փնտրել ճանապարհներ կոնֆլիկտի լուծման պատճառը վերացնելու»,- ասել է Նիկոյանն ու հավելել. «Նախագահի խոսքում կշտամբանք կար նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների հասցեին, որոնք խախտելով Եվրոպայում սովորական սպառազինության մակարդակը` օժանդակում են Ադրբեջանին նորանոր զինատեսակներ ձեռք բերելու գործում, վերջինս էլ հպարտությամբ հայտարարում է, թե բազմապատկել-քառապատկել է իր սպառազինությունները` խախտելով ԵԱՀԿ-ի չափորոշիչները սովորական սպառազինության վերաբերյալ»: