Հյուսիսային Իռլանդիայում բնակվող 13 քույր եղբայրները, որոնց հանրագումար տարիքը կազմում է 1073 տարեկան, պատմել են իրենց առողջության ու երկարակեցության գաղտնիքների մասին, գրում է Daily Mail-ը։

Դոնելի ընտանիքը այս տարի մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Ամենաավագ եղբայրը 93 տարեկան, իսկ կրտսերը՝ 72։

Նրանց խոսքով իրենք հորից ժառանգել են քնից առաջ «որեւէ տաք» բան ուտելու սովորությունը։

«Վարսակաշիլա երեկոյան ժամը տասին, իսկ հետո նույնը՝ առավոտյան նախաճաշին։ Վարսակ, կաթ ու մի քիչ խնձորի ջեմ»,- պատմել է կրտսեր եղբայր Ջոն։

Պարբերականը նշում է, որ վարսակաշիլան նվազեցնում է զարկերակային ճնշումը ,խոլեստերինի մակարդակը, պաշտպանում է սիրտն ու լավ կանխարգելում է դիաբետը։

Դոնելի ընտանիքի անդամների խոսքով, իրենք ամբողջ կյանքում միայն բնական մթերք են օգտագործել՝ սեփական այգում աճեցված մրգեր ու բանջարեղեն, տնական ձու։

«Մայրս գնում էր բակ, մորթում հավ ու  ընթրիք պատրաստում»,- հիշում են նրանք։

Հացը նույնպես տանն են թխել, իսկ ոգելից խմիչք շատ հազվադեպ են գործածել։