Հանգուցյալ արքայադուստր Դիանայի ընկերները «Channel 4» հեռուստաալիքին հորդորում են չհրապարակել այն ձայնագրությունները, որտեղ Դիանան խոսում է արքայազն Չառլզի հետ իր ամուսնական խնդիրների մասին, հայտնում է BBC-ն։
«Դիանան իր իսկ բառերով» փաստագրական ֆիլմը պետք է ցուցադրվի Դիանայի մահվան 20-րդ տարելիցի նախօրեին։
Ձայնագրությունները արվել են Դիանայի ու խոսքի վարպետության ուսուցիչ Փիթեր Սեթթելնի հետ զրույցի ժամանակ։ Զրույցում Դիանան խոսում է արքայազն Չառլզի հետ իր ամուսնության, իրենց սեռական կյանքի մասին, նաեւ Կամիլա Փարքեր Բոուլզի, Չառլզի ներկա կնոջ հետ ամուսնու սիրային կապի հետ կապված իր ապրումների մասին։
Թագավորական կենսագիր Փեննի Ջունորը համարում է, որ այդ ձայնագրությունների հրապարակումն անբարոյական է, քանի որ դրանք արվել են այն ժամանակ, երբ Դիանայի ու Չառլզի ամուսնությունը ծանր շրջանում էր՝ ապահարզանի շեմին։ «Արքայադուստրը երբեք չէր ուզում, որ որեւէ մեկը լսի դրանք»։
Մինչդեռ հեռուստաալիքի ղեկավարությունը այդ ձայնագրությունները համարում է «ցնցող պատմական աղբյուր, որը թույլ կտա ստեղծել Դիանայի նոր կերպարը»




























