Անհրաժեշտ է հստակ պարզել՝ որտե՞ղ է ռադիոազդանշանի ներթափանցումը օբյեկտիվ, որտեղ՝ կանխամտածված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով հանրապետության սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ռադիոկայանների հեռարձակման մասին հարցին։ 

Բունիաթյանի խոսքով՝ արեւելյան հարեւանների հաճախականությունների սպեկտորները ծավալուն են, իսկ տարածքից դուրս եկող հեռարձակիչները՝ ավելի հզոր։ Եվ այնտեղ, որտեղ աշխարհագրական խոչընդտոներ չկան, նրանց ազդանշանը Հայաստանում հեշտությամբ ընդունվում է։

«Ադրբեջանից մեր տարածքում այժմ հայերեն հաղորդումներ են հեռարձակվում։ Այդ պատճառով, երբ պարզենք, թե որտեղ է ազդանշանը կանխամտածված կերպով ներթափանցում՝ քարոզի եւ ապատեղեկատվության նպատակով, մենք կմտածենք դրանց հակազդելու անհրաժեշտ միջոցների մասին»,- վստահեցրեց ՀՌԱՀ նախագահը:

Նշենք, որ Ազգային ժողովում օրինագծի վերջին քննարկումների ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ թվային հեռարձակմանն անցում կատարելը կլուծի նաեւ նշված խնդիրը։ Սակայն իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից օրինագծին կողմ հանդես եկող պատգամավորներն այդպես էլ չկարողացան բացատրել՝ ի՞նչ կապ ունի թվային ռադիոհեռարձակմանն անցում կատարելն ու ադրբեջանական ռադիոկայանների ազդանշանները ճնշելը, այդ թվում՝ պետական «Հանրապետություն» (ռադիո Aztv) ռադիոկայանի։