Ռուսաստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումները, Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան դեմ, որը ականակոծվել է չորեքշաբթի։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է , որ օգոստոսի 2-ին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ահաբեկչական խմբավորումների զինյալների դիրքերից։ Ընդ որում երկու լիցք ընկել են դեսպանատան տարածքի վրա, եւս երկուսը պայթել են դեսպանատան տարածքից դուրս՝ մոտակայքում։ Հաղորդագրության մեջ ճշգրտվում է, որ «երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել, պատճառվել է աննշան նյութական վնաս»։

«Վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական հարձակումները Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա։ Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել, որ Ռուսաստանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն բարբարոսական ձևի նկատմամբ, որով ահաբեկիչները կանոնավոր կերպով գնդակոծում են Դամասկոսի ու այլ խիտ բնակեցված սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը»,- շեշտված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ «ՄԱԿ ԱԽ–ում արեւմտյան մի շարք երկրներից մեր գործընկերները պատշաճ գնահատական կտան այս հանցավոր գործողությանը»։ «Մեր հերթին հաստատում ենք, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ անզիջում պայքար մղելու՝ Ռուսաստանի սկզբունքային ու հետեւողական քաղաքականությունը շարունակվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ։