2017 թվականի հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի  առաջնությանը ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը զբաղեցրել է  1-ին տեղը: Թիմի մարզիկներին եւ մարզիչներին այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարեւորել է աշակերտների եւ երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաեւ երկրի ճանաչման եւ հեղինակության բարձրացման կարեւոր գործոններից մեկը: Լեւոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարեւորում է առողջ ապրելակերպի քարոզումը, ինչպես նաեւ «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում:

1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը  պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը եւ Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը եւ Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրերով:

Նշենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցել է 7 թիմ` Ուելս, Մոնակո, Ջիբրալթար, Վրաստան, Կոսովո եւ Մալթա: Հավելենք, որ Անդորրայում 10 թիմերի մասնակցությամբ անց է կացվել նաեւ Եվրոպայի C դիվիզիոնի մինչեւ 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությունը, որտեղ մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը /մարզիչ` Սարգիս Ստեփանյան/: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին: