Այս պահի դրությամբ շատ դժվար է որեւէ գնահատական տալ, միայն կարող եմ ասել, որ չափազանց մեծ է վնասը, շատ մեծ: Այս մասին հայտարարել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հաղորդում է «Ազատությունը»:
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէ նման իրավիճակների, նախարարը պատասխանել է. «Հավանաբար դրա արժեքն ու պահպանությունը չափազանց մեծ է: Մյուս կողմից, որեւէ կանխակալ մոտեցում չկա, թե որ երկրից օգնություն գա: Իմ տեղեկացմամբ ու գիտությամբ, նաեւ մեր քննարկումների արդյունքում ԱԻ նախարարը դիմել է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ այլ երկրների, որովհետեւ նման իրավիճակից որեւէ մեկն ապահովագրված չէ: Անգամ եվրոպական զարգացած երկրները, որտեղ տեղի են ունենում նման մեծածավալ հրդեհներ, նրանք նույնպես հաճախ դիմում են միջազգային աջակցության»:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հրդեհի առաջին իսկ պահից ձեռնարկված միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել. «Նույնիսկ երեկ առավոտյան երբ ուղղաթիռն իրականացրեց օդային դիտարկում, այնպիսի վիճակ էր, որ գրեթե բոլոր տարածքներում աշխատանքները արդյունք տվել էին եւ հանգած էր հրդեհը, բայց ընդամենը կեսօրին արեւի ճառագայթների եւ քամու առկայության պայմաններում նորից սկսեց տարածվել հրդեհը»: Նա հույս հայտնեց, որ ռուսական օդանավի օգնությամբ հենց այսօր էլ հնարավոր կլինի մարել հրդեհը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքով, Հայաստանի համար սա մեծ աղետ է. «Որքան մենք բարձրացանք եւ նայեցինք, մոտավորապես խոսքը 3 հազար հեկտարի մասին է: Ցավոք մենք չունենք այդ միջոցներ, իսկ մեր ունեցած միջոցները նման լանդշաֆտում չեն աշխատում»:
Իր հերթին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը նշել է, որ «Խոսրովի արգելոցում» հրդեհը մարելու համար մեր միջոցները ոչ միայն բավարար են, այլեւ շատ են, պարզապես տեղանքին մոտենալու խնդիր կա:



























