«Արեւիկ» ազգային պարկում Ադրբեջանի զինուժի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն եւ հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության  վիճակի:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ստորեւ ներկայացվում է օգոստոսի 14-ին ԲՀՊՏ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը.

«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում   հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել,   իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Արփի լիճ» ազգային պարկի  տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են:

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի  «Արեւիք» մասնաճյուղի «Արեւիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում  օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ եւ թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ Կարճեւան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը  19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն:

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Սեւան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ,  իրավիճակը վերահսկելի է»: