Թուրքիան կստորագրի մաքսային համաձայնագիր ԵՏՄ-ի հետ, քանի որ դա բխում է հենց նրա տնտեսական զարգացման շահերից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուս տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կարիք ունի պահպանել իր տեղը այն երկրների շուկայում, որոնց հետ վաղեմի հարաբերություններ ունի, խոսքը նախեւառաջ Ռուսաստանի մասին է։
Սակայն տնտեսագետի կանխատեսումներով, ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս չի լինի։ «Քանի որ նախագահ Էրդողանի հետ փոխգործակցության փորձը ցույց է տալիս, որ նա փորձում է առավելագույն զիջումներ ստանալ։ Դրա համար էլ դա կլինի երկարատեւ պատմություն, բայց ի վերջո Թուրքիան կստորագրի համաձայնագիրը, քանի որ դա նրա ռազմավարական շահերից է բխում»,- շեշտեց Իոսիֆ Դիսկինը։
ԵՏՄ-ի համար, շարունակեց նա, դա նույնպես հեռանկարային է։ «Թուրքիան բավականին խոշոր ու արագ զարգացող երկիր է, ու մեր փոխգործակցությունը փոխլրացնող կլինի տնտեսությունների համար։ Դրա համար էլ, մեծ հաշվով, դրանից բոլորը կշահեն»,- ասաց Իոսիֆ Դիսկինը։
Անդրադառնալով այն հարցին, արդյոք ԵՏՄ-ն կարող է ԵՄ-ին այլընտրանք դառնալ Թուրքիայի համար, տնտեսագետն ասաց․ «Եթե Բրյուսելի պաշտոնյաները Թուրքիային արգելեն ստորագրել ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր, չգիտեմ, թե այդ իրավիճակում ինչ կանի Թուրքիան, բայց Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման տրամաբանությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիայի համար նշանակություն չի ունենա, թե ինչ են ասում Բրյուսելում։ Դժվար է կանխատեսել, բայց ես գրեթե վստահ եմ, որ ԵՄ-ն Թուրքիային կտա հնարավորություն ստորագրել ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիրը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտնել է, որ իր երկիրը մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ։ «Չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ուզում է նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցություն հարթել»,- պարզաբանել էր Զեյբեկչին։



























