Ադրբեջանում Turan լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը ձերբակալվել է հարկերի վճարումից խուսափելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով:
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Turan-ը ճանաչել է Ադրբեջանում միակ անկախ լրատվական գործակալությունը եւ իշխանություններին կոչ է արել դադարեցնել նրա աշխատակիցների վրա հարձակումները: Human Rights Watch-ի իրավապաշտպանները եւս պետությանը կոչ են արել չմիջամտել գործակալության աշխատանքին:
Ալիեւին տարել են Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչության մեկուսարան: Նա լրագրողներին հայտնել է, որ խափանման միջոցի ընտրության դատական նիստը պետք է տեղի ունենա 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ Ալիեւին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է եւ հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի:




























