Ամերիկյան գիտնականները պարզել են աշխարհում առաջին նավը խորտակած սուզանավի գաղտնիքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Washington Post թերթում։
H.L. Hunley սուզանավը ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի սպառազինության մեջ էր մտնում եւ խորտակվել է 153 տարի առաջ, Հարավային Կարոլինայի ափերի մոտ։ Խորտակված սուզանավը հայտնաբերել են միայն 1995 թվականին, իր կողմից խորտակված նավից 300 մետր հեռու։
Մասնագետները սուզանավը բարձրացրել էին անձնակազմի 9 անդամների մարմինների հետ միայն 2000 թվականին։
1864թ. փետրվարի 17-ին սուզանավը, որը շարժվում էր ութ նավաստիների ուժով աշխատող պտուտակով, մտել էր օվկիանոս եւ ուղղվել չարլսթոնի նեղուցը փակող նավատորմի կողմը։ Սուզանավի քթամասին ական է ամրացված եղել, որով էլ խոյահարել են հյուսիսցիների նավը։ Housatonic-ը խորտակվել էր երեք րոպե անց՝ դառնալով սուզանավի կողմից խորտակված առաջին նավն աշխարհում։ Սակայն սուզանավն էլ անհետացել էր անձնակազմի հետ։


























