Տեմրյուկի շրջանային դատարանը (Կրասնոդարի մարզ) շաբաթ օրը 2 ամսով կալանավորել է ավտոբուսի վթարի փաստով հարուցված քրեական գործի 2 ֆիգուրանտներին, որի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են շրջանի իրավապահ մարմիններից:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը 2 կասկածյալների՝ ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանի եւ անհատ ձեռնարկատեր Յուրի Վեչերաձեի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 264 հոդվածով (ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտում) եւ 238 հոդվածով (անվտանգության պահանջներին չմապատասխանող ծառայությունների մատուցում) նախատեսված հանցակազմերով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վեչերաձեն պայմանագրով պետք է իրեն աշխատանքի ընդունած «Թամաննեֆտեգազ» ձեռնարկությանը 5 ավտոբուս տրամադրեր հերթափոխի աշխատակիցներին տեղափոխելու համար: Սակայն վթարված ավտոբուսը պայմանագրով նշված չէ: Դրանից բացի, անհատ ձեռնարկատերն այս ավտոբուսի վարորդի հետ ընդհանրապես պայմանագիր չի կնքել:
Աշխատողներով ավտոբուսը Կարսնոդարի մարզի Վոլնա բնակավայրում ջուրն է ընկել կառուցվող կառանատեղից: 18 մարդ զոհվել է, ավելի քան 30 մարդ վնասվածքներ է ստացել: Որոշ տեղեկություններով՝ վթարի ենթադրվող պատճառը արգելակների շարքից դուրս գալն էր:



























