Եվրոպան պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Իրաքի վերականգնմանը. դա կօգներ նաեւ լուծել այդ երկրից փախստականների խնդիրը: Lidovky-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդադ երկօրյա այցի ավարտին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:

«Կցանկանայի կրկին շնորհավորել Իրաքի կառավարությանը այստեղ՝ երկրի տարածքում ԻՊ-ի նկատմամբ տարած ռազմավարական հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ՝ Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի Իրաքի վերականգնման հարցում: Կարելի է արդեն փորձված որոշ նախագծեր օգտագործել՝ փախստականների վերադարձը կազմակերպելու ապահովելու համար»,- ասել է Սոբոտկան:

Չեխ պաշտոնյան Բաղդադում բանակցություններ է անցկացրել իրաքցի գործընկեր Հայդեր ալ-Աբադիի հետ, նրան ընդունել է նաեւ երկրի նախագահ Ֆուադ Մասումը:

Սոբոտկան լրագրողներին հաղորդել է, որ վերջին երկու տարիներին իր երկիրն Իրաքի սպառազինության գլխավոր մատակարարն է: Միայն 2016 թվականին չեխական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններն Իրաքին 1.66 մլրդ կրոնի (շուրջ 75.4 մլն դոլար) արտադրանք են մատակարարել: Բացի այդ՝ Պրահան Բաղդադի ակտիվ ֆինանսական դոնորն է. 2016 թվականին Իրաքին տրամադրված օգնությունը կազմել է 38 մլն կրոն (շուրջ 1.7 մլն դոլար), այս տարի՝ 25 մլն կրոն (շուրջ 1.1 մլն դոլար), գրում է ՌԻԱ Նովոստին: