Ապօրինի զննությունների եւ խուզարկությունների դեմ 138 փաստաբանի գործադուլի հայտարարությանը միացել են եւս 12 փաստաբաններ։ Այս մասին նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Այսպիսով, գործադուլին միացող փաստաբանների թիվը հասել է 150-ի։

«Ակցիան արդեն սպասվածից ավելի մասշտաբային է ու իր արդյունքն ունենալու անտարակույս։ Հատուկ հրավերի կարիք ունեցողներին. բոլոր փաստաբաններին ուղարկվել է հայտարարության տեքստը, ովքեր ցանկացել են միացել են, հիմա էլ հրապարակվելուց հետո մեր շատ գործընկերներ միանում են»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր 138 փաստաբանների հայտարարությունը, որոնք մտադիր են սեպտեմբերի 13-ին գործադուլ սկսել՝ ուղղված Ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ։

«Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները»,-ասված է հայտարարությունում։