Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, դժգոհ է նիստերի անընդհատ հետաձգումից: Այսօր՝ օգոստոսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը նշեց, որ եւ դատարանի, եւ պաշտպանական կողմի գործողություններն իր համար անհասկանալի են:
«Այսօրվա դատական նիստը դատավորի դիրքորոշումից սկսած տարօրինակ էր, ես չեմ հասկանում, թե ինչ է փոխվել այս մի ամսվա ընթացքում: Գործն ինչքան հնանում է, տերն այնքան շնանում է, այդ վիճակն է, ես արդեն հույսս կտրել եմ, որ նորմալ դատական պրոցես կգնա եւ արդարացի դատավճիռ կկայացվի: Ես ընդհանուր գոհ եմ դատաքննությունից, բայց այսօրվա նիստին չեմ հասկանում ինչ կատարվեց»,-ասաց նա:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ պաշտպանական կողմն ամեն ինչ անում է նիստերն անտեղի հետաձգելու համար. «Ամբաստանյալների փաստաբանները միջնորդություն ներկայացրին, որպեսզի այսօրվա նիստը հետաձգեն վկա Հովիկ Հովհաննիսյանի հարցաքննությանը պատրաստվելու համար՝ պատճառաբանելով, որ գործով վկա Թելման Մխիթարյանի ցուցմունքը չեն հիշում եւ Հովիկին հարց տալու համար կարիք կա այն վերհիշելու: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կապ ունի Թելմանի ցուցմունքն ու Հովիկի հարցաքննությունը»:
Նշենք, որ կուրսանտի սպանության գործով նիստին այսօր հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կուրսանտի սպանության գիշերը տեսել է, թե ինչպես են ամբաստանյալներ Գնել Թեւոսյանը եւ Վաչե Սահակյանը Հայկազ Բարսեղյանի ուսերից բռնած աստիճաններով իջեցնում ներքեւ. Հայկազի գլուխը եղել է կախ, նկատելի է եղել, որ նա ուշագնաց է եղած եւ նա չի քայլում, այլ նրան քարշ են տալիս, իսկ Նորիկ Սահակյանը եւ Մովսես Ազարյանը գնալիս են եղել նրանց հետեւից:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:



























