Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խոստացել է ձյուդոյի տեսական պարապմունք անցկացնել:

Օգոստոսի 28-ին Բուդապեշտում մեկնարկել է մենամարտի այս տեսակի աշխարհի առաջնությունը: «Սա, իհարկե, ֆուտբոլ չէ, սակայն նույնպես լավ մարզաձեւ է»,- զրույցի սկզբում կատակել է Պուտինը:

«Ես փորձում եմ սովորել»,- պատասխանել է Օրբանը: Դրանից հետո ՌԴ նախագահը Հունգարիայի վարչապետին խոստացել է «պատմել տեսության մասին»:

Օրբանի խոսքով՝ Հունգարիայում մրցումների նախօրեին լույս են տեսել ձյուդոյի հատուկ գրքեր: «Հաճախ ձյուդոյի մասին մեջբերումներ են հիշատակվում՝ քեզ վկայակոչելով, թե ինչ կարելի է սովորել»,- ասել է Պուտինին Օրբանը, փոխանցում է «Իզվեստիան»: ՌԴ նախագահը պատասխանել է, որ նշված գրքի համահեղինակն է: