Մոնրեալում հեծանվային ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ում հետախուզվող ամենավտանգավոր հանցագործներից մեկին: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով CBC-ն:
Լրատվամիջոցների տվյալներով՝ օգոստոսի 23-ին չարագործին հանցակցի հետ ձերբակալել են թմրանյութեր պահելու կասկածանքով: Փաստաթղթերը ստուգելիս տղամարդը փորձել է փախչել, սակայն ոստիկաններն արագորեն հասել ու բռնել են նրան:
Ավելի ուշ պարզվել է, որ ծնունդով Լաոսից Քաթայ-Հաոֆոն Սիչանթհան Ամերիկայի ամենաշատ հետախուզվող հանցագործներից է: Նա մի խմբավորման ղեկավար է, որն էքստազի եւ մարիխուանա է վաճառել Միչիգան, Օհայո, Իլինոյս, Մասաչուսեթս, Ջորջիա եւ Նյու Յորք նահանգներում: Նրան որոնում էին 2005 թվականից: Հանցագործին բռնելուն օգնելու համար 25 հազար դոլարի չափով պարգեւ էին խոստանում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ մեղադրանք ներկայացնելուց հետո նրան Կանադայից ԱՄՆ-ին կարտահանձնեն:




























