Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայն օգոստոսի 29-ին Վաշինգտոն է մեկնել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է NAFTA-ի չեղարկմամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գերատեսչության աղբյուրի փոխանցմամբ՝ այցը նախապես ծրագրված էր եւ ուղղակիորեն կապ չունի ամերիկյան նախագահի հայտարարության հետ:
Ավելի վաղ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ-ն, հավանաբար, պետք է դուրս գա NAFTA-ից, քանի որ պայմանների փոփոխման հետ կապված բանակցությունները դժվարությամբ են առաջ ընթանում:
Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրն (NAFTA) ազատ առեւտուր է ապահովում Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ:
Ծրագրվում է, որ համաձայնագրի փոփոխությանն ուղղված բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին Մեքսիկայում:




























