Ժնեւում Զինաթափման համաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը միջազգային հանրությանը «Համակարգված գործողությունների» կոչ է արել, որոնք նախատեսված են Հյուսիսային Կորեային ցույց տալ, որ Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի մշակումը, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
«Նման պատժամիջոցների նպատակն է Հյուսիսային Կորեայի վրա ճնշման գործադրումը, որ դադարեցնի իր արգելված ծրագրերի մշակումը եւ գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե Հյուսիսային Կորեայի բնակչությանը կամ տնտեսությանը պատժելը»,- հայտարարել է Վուդը:
Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների ամբողջ ծավալով իրականացման միջոցով բոլոր երկրները կհասնեն «առավելագույն ճնշման, որն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեային ստիպելու ենթարկվել կանոններին», հավելել է նա:
Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնյաները Ժնեւի համաժողովի մասնակիցներին հաղորդագրություն են ներկայացրել հյուսիսկորեական պաշտպանական ծրագրերի տեխնիկական ասպեկտների վերաբերյալ:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը համաժողովում հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան հայտարարությամբ հանդես գալ նիստի վերջին:




























