ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Deferred Action for Childhood Arrivals-ը (DACA)՝ այն մարդկանց արտաքսումից վարչական ազատում, որոնց ծնողներն ԱՄՆ են բերել դեռեւս մանուկ տարիքում:

Հաջորդ շաբաթ Թրամփը պետք է որոշի՝ չեղարկե՞լ DACA-ն, թե՞ դատական հայց ներկայացնել տասը նահանգներում, որում կնշվի, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով գործարկված ծրագիրը նախագահական իշխանության հակասահմանադրական չարաշահում է: Այս մասին հաղորդում է USA.one-ը՝ վկայակոչելով Miami Herald-ը:

Հանրապետական նահանգների մի խումբ դատախազներ հայտարարել են, որ գործը դաշնային դատարան կուղարկեն, եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը ծրագիրը չդադարի գործել: Եթե DACA-ն դադարի գործել, դա կնշանակի, որ ծրագրի 750 հազարից մինչեւ մեկ միլիոն շահառուներ, որոնցից շուրջ 50 հազարը Ֆլորիդայում է ապրում, կարող են արտաքսվել:

Միգրացիոն հարցերով զբաղվող փաստաբաններ եւ ակտիվիստներ պայքարում են DACA-ի շահառուների պաշտպանության համար ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եթե ծրագիրն իսկապես փակվի: