Չինաստանի Շանդուն նահանգի ոստիկանությունը ձերբակալել է դամբարանների 22 կողոպտիչների եւ առգրավել 229 անտիկ իրեր, հայտնում է «Սինհուան»:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները, ենթադրաբար, պատկանել են 2 խմբավորումների, որոնք Թենչժոու գավառի Դահան հնավայրում, որտեղ դամբարանների փլատակներ կան, ապօրինի պեղումներով են զբաղվում:

Առգրավված առավելապես բրոնզից եւ նեֆրիտից պատրաստված արտեֆակտների թվում են 54 իրեր, որոնք մտնում են երկրի մշակութային ժառանգության մեջ:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ դամբարանների կողոպտիչները պեղումներին ներգրավել են հնությունների մասնագետի, որը նախկինում ժամանակավորապես աշխատել է հնագիտության ինստիտուտում եւ ծանոթ է հնագույն դամբարանի կառուցվածքին:

Եվս ավելի քան 10 կասկածյալներ դեռեւս ազատության մեջ են, գործով հետաքննությունը շարունակվում է: