Օգոստոսի 30-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.25-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վրաերթի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, իրեն վրաերթի է ենթարկել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վերջինս էլ ավտոմեքենայով իրեն տեղափոխել է հիվանդանոց եւ հեռացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 20.50-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:



























