Շվերինի դատախազությունը միջնորդել է Օսվենցիմի սանիտար Հուբերթ Ց.-ի գործով դատաքննությունը դադարեցնել: Դեմենցիայով տառապող 96-ամյա ամբաստանյալը անմեղսունակ է ճանաչվել, փոխանցում է DW-ն:

Սա բխում է դատահոգեբուժական փորձաքննության տվյալներից եւ դատարանի պահանջած փորձագիտական նյութերից, որոնք ստացվել են 2017 թվականի հուլիսին: Փորձագետների գնահատմամբ՝ 2015 թվականի հոկտեմբերից ամբաստանյալի վիճակն այնքան է վատթարացել, որ նա չի կարող համարժեք արձագանքել դատավարական գործողություններին:

Հուբերթ Ց.-ն կալանավորվել է 2014 թվականի մարտին Նոյբրանդենբուրգում: Հայտնի է, որ նա 1940 թվականի ապրիլից մինչեւ Երկրորդ աշխարհամարտի վերջը ծառայել է ԷսԷս-ի զորքերում: Մասնավորապես՝ 1944 թվականի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը սանիտար է աշխատել Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում: Դատախազությունը նրան մեղադրում է 3681 մարդկանց սպանությանը նպաստելու մեջ: Դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով: