ԱՄՆ-ն պահանջում է սեպտեմբերի 2-ին փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում հյուպատոսական օբյեկտները: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոերթի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարել է Ռուսաստանի Դաշնության որոշումը Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվի կրճատման մասին: Մենք կարծում ենք, որ այս ակցիան հիմնավորված չէ և եւ վնաս է պատճառում մեր երկրների ընդհանուր հարաբերություններին:

Ըստ պարիտետի, որը վկայակոչում են ռուսները, մենք Ռուսաստանի կառավարությունից պահանջում ենք փակել Սան Ֆրանցիսկոյում իր գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում հյուպատոսական օբյեկտները:

Այս գործողություններից հետո յուրաքանչյուր երկիր 3 հյուպատոսություն կունենա: Չնայած դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների թիվն անհամաչափ կլինի, մենք որոշել ենք ՌԴ կառավարությանը թույլ տալ  պահպանել ներկայացուցչություններից մի քանիսը՝ փորձելով կանգնեցնել մեր հարաբերություններում վայրընթաց գալարը:

Միացյալ Նահանգները հույս ունի, որ աջակցելով պարիտետի ՌԴ ձգտմանը՝ մենք կկարողանանք խուսափել 2 կողմերի հետագա պատասխան գործողություններից եւ առաջ շարժվել 2 նախագահների հայտարարած նպատակին հասնելու համար՝ 2 երկրների հարաբերությունների բարելավում եւ համագործակցության ընդլայնում փոխադարձ մտահոգություն առաջացնող ոլորտներում: ԱՄՆ-ն պատրաստ է գործողություններ ձեռնարկել ըստ հետագա անհրաժեշտության եւ պահանջներին համապատասխան», նշված է հայտարարության մեջ: