Կատալոնիայի իշխանությունները հերքել են այն հրապարակումները, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն իրենց նախազգուշացրել են Բարսելոնում հնարավոր ահաբեկչության մասին: Այսուհանդերձ, խոստովանել են, որ նախատեսվող հարձակումների մասին որոշակի տեղեկություն են ստացել այլ աղբյուրներից, որոնք վստահություն չեն ներշնչել, փոխանցում է AP-ն:

Կատալոնիայի ՆԳ նախարար Խոակիմ Ֆորնը հայտարարել է, որ տեղական ոստիկանությունը ԿՀՎ-ից եւ ԱՄՆ Հակաահաբեկչության ազգային կենտրոնից տեղեկություն չի ստացել օգոստոսի 17-ին Բարսելոնում իրագործված ահաբեկչության մասին: Նրա խոսքով՝ նման նախազգուշացումները սովորաբար արվում են պետական խողովակներով:

El Periodico պարբերականը հայտնել է, որ մայիսի 25-ին ԱՄՆ-ն նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին՝ հատկապես ընդգծելով, որ այն կարող է իրագործվել Ռամբլա փողոցում:

Կատալոնիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ եղել են հարձակումների մասին ստանդարտ նախազգուշացումներ, այդ թվում՝ մայիսի 25-ին, սակայն Կատալոնիայի եւ Իսպանիայի իշխանությունները դրանք հավաստի չեն համարել: Նա նշել է, որ տեղեկությունը չի ստացվել ԿՀՎ-ից կամ ԱՄՆ Հակաահաբեկչության ազգային կենտրոնից, սակայն աղբյուրները չի հստակեցրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնի Ռամբլա փողոցում իրագործված ահաբեկչության հետեւանքով 14 մարդ է զոհվել: